ՄԵՐ ՆԵՐԿԱՆ

Այս ի՞նչ դարի հասանք, ի՞նչ օրեր գտանք,
Ամենևին հավատարմություն չկա,
Ի՞նչ օրեր կորուսինք, ի՞նչ կյանք ստացանք,
Հազարից մեկի մեջ լավ արյուն չկա։

Ասում են, թե՝ լուսավոր է այս դարը –
Լավության փոխարեն կերթանք վատթարը.
Կարծես թե ծռվել է ամբողջ աշխարհը.
Իսկ ուղիղ մնացած մեկ անկյուն չկա։

Պարզակրոն կասվինք վերին րաբունով,
Ափսոս, խառնված ենք այլ և այլ գույնով,
Մեկ տուն ունինք ճշմարտություն անունով՝
Նորա մեջն էլ անծուռ, հաստատ սյուն չկա։

Պետք է միշտ ճշմարիտ մտքով վերանաս,
Աշխատի՛ր ուղղությամբ, մինչև ծերանաս,
Ջիվան, լավ հասկացիր, չընկերանաս,
Խաբեբա խմբերից քեզ արդյունք չկա։

1876 (՞)