0
0

Հայկական մշակույթի ակունքները

 
 

Հայ ժողովրդի մշակույթի պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. VI-V դարերից և համարվում է ավելի հին՝ Ուրարտուի մշակույթի շարունակությունը:

Մ.թ.ա. IX-VI դարերում Հայկական լեռնաշխարհի տարածքում ծաղկում էր ապրում Ուրարտուի զարգացած քաղաքակրթությունը: Ուրարտուի պոլիէթնիկ բնակչությունը, որը բաղկացած էր խուռի-ուրարտական նախահայկական ցեղերից, թողել է մշակութային հարուստ ժառանգություն, որի շարունակությունն է համարվում հայ ժողովրդի մշակույթը:

Ուրարտուի արվեստը կրել է հարևան Ասորեստանի՝ ժամանակի առաջատար տերության վարպետների ազդեցությունը: Ուրարտական արվեստի զարգացման գագաթնակետն է մ.թ.ա. VIII դարը: Ուրարտացի արհեստավորների պատրաստած բրոնզե արձանիկները, զարդերը, զենքերը և այլ առարկաներ հասել են մեր օրերը:

 

Հնագույն Հայաստան

Մ.թ.ա. VI դար - մ.թ V դար

Մ.թ.ա. VI դարում ավարտվել էր հայ ազգի կազմավորման գործընթացը: Մ.թ.ա. VI-III դարերում արվեստի գործերի թվում մշակման բարձր մակարդակ է բնորոշ մետաղե իրերին: Հայաստանի հնագույն մայրաքաղաքում` Արմավիրում, հայտնաբերվել են Երվանդունիների դարաշրջանի ոսկյա զարդեր:

Մ.թ.ա. IV դարից ի վեր Հայաստանի տարածքում սկսեց զարգանալ հելլենիստական մշակույթը: Մ.թ.ա. III դարում Հայաստանում նոր քաղաքներ են ձևավորվում, որտեղ զարգանում են արվեստը և արհեստները: Միջերկրածովյան հելլենիստական պետությունների հետ սերտ կապերի հաստատումը հետագայում նպաստեց հին հայկական մշակույթի նոր՝ հելլենիստական ուղղությամբ զարգացմանը: Մ.թ.ա. II դարից սկսած՝հայոց պետականության վերականգնումից և Մեծ Հայքի ձևավորումից հետո, հելլենիզմը հայկական մշակույթում սկսում է ծաղկում ապրել: Հելլենիստական մշակույթի զարգացումը խրախուսվում էր հայ թագավորների կողմից, նախ Արտաշես I-ի, ապա` Տիգրան Մեծի: Պահպանվել են ռիտոնից և արծաթից պատրաստված թասեր, խճանկարներ, տերակոտային իրեր, քանդակագործական արվեստի նմուշներ: Հայտնի է, որ Մարկոս Անտոնիոսի՝ Հայաստան կարճատև շրջայցի ժամանակ հռոմեացիները Արտաշատից տարան Անահիտի աստվածուհու ոսկյա արձանը: Դեռևս մ.թ.ա. II-I դարերում հին հայերը տիրապետոիմ էին ապակեգործության արվեստին, որը մ.թ.ա. I դարից և մ.թ. I դարասկզբից հասնում է զարգացման նոր մակարդակի:

Գառնու՝ մ.թ.ա. 1-ին դարի հայկական հեթանոսական տաճարի ամրոցի մոտ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են 1-3-րդ դարերի արքունի բաղնիքը, որի հատակը զարդարված է հեթանոս աստվածների և այլ դիցաբանական էակների պատկերներով լավ պահպանված խճանկարներով և հունական մակագրությամբ. «Մենք աշխատեցինք, սակայն մեզ չվճարեցին»: Մ.թ. II դարաշրջանին են պատկանում երկու արծաթե թասեր, որոնցից մեկը (Բակուր II հայոց թագավորի անունով) զարդարված է թատերական թեմատիկ պատկերներով: Հայաստանի տարածքում հայտնաբերվել են նաև III դարից պահպանված՝ տղամարդկանց մի քանի քանդակագործ դիմանկարներ:

Միջնադարյան կերպարվեստ. որմնանկարչություն

301 թվականին քրիստոնեության՝ որպես Հայաստանի պետական կրոնի ընդունումը  301-ում կարևոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետագա զարգացման համար: Հենց IV դարից է սկիզբ առնում հայկական մշակույթի պատմության նոր փուլը՝ մատնանշելով հայ միջնադարյան արվեստի սկիզբը:

Որմնանկարչության որոշ նմուշներ, որոնք  հայտնաբերվել են հնագույն Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի տարածքում, պատկանում են հելլենիստական ժամանակաշրջանին:

Հայկական որմնանկարների պահպանված նմուշներից ամենահները վերաբերում են V-VII դարերին (Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցի, Երերույք, Քասախի բազիլիկ, Լմբատավանք, Արուճավանք): 10-11-րդ դարերի հայ միջնադարյան մոնումենտալ կերպարվեստից պահպանվել են միայն որմնանկարների որոշ հատվածներ:

Տաթևի վանքում պահպանվել է «Վերջին դատաստանի» մի հատվածի (10-րդ դարի սկիզբ) որմնանկարը, որը իր կառուցվածքով մոտ է արևմտաեվրոպական հուշարձաններին: Վայոց Ձորի մարզի Գնդեվանքում (914թ.) ևս պահպանվել են որմնանկարների որոշ նմուշներ՝  Քրիստոսը աբսիդի մեջ, նստած աստվածամոր և անհայտ սրբի պատկերները (նկարիչ՝ Եղիշե):

VI-VII դարերի հեղինակ Վրթանես Քերթողի «Պատկերամարտների մասին» աշխատության մեջ թվարկված են տաճարներում պատկերված տեսարանները: Մասնավորապես, տեղեկություններ են պարունակվում վաղ քրիստոնեության շրջանից սկսած Հայաստանում Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Հռիփսիմեի, Սբ. Գայանեի պատկերներով որմնանկարների գոյության մասին:

Մասնակիորեն պահպանվել են 1001 թվականին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում կառուցված տաճարի, ինչպես նաև Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու (կառուցվել է 915-921 թթ.) որմնանկարները: Վերջինիս պատերին պատկերված են Ադամի և Եվայի պատմությունը, առաքյալների և սրբերի պատկերներ և այլ աստվածաշնչային տեսարաններ: Պահպանվել են Ախթալայի XII դարի որմնանկարները, Անիում Բախտագեկի XIII դարի որմնանկարների պատառիկեր, ինչպես նաև Տիգրան Հոնենցի և Դադիվանքի եկեղեցիների որմնանկարները: XIV դարի որմնանկարների շարքում հատկապես մեծ արժեք են ներկայացնում Հաղպատի վանական համալիրում պահպանված պատկերները:

Հայ եկեղեցական որմնանկարներում պահպանվել է «Վերջին դատաստանի» առավել վաղ և ամբողջական շարքերից մեկը: Արուճի, Թալինի, Լմբատի և Կոշի վաղ հայկական որմնանկարների վերլուծությունը խոսում է արդեն 7-րդ դարում դեկորացիայի ձևավորված համակարգի գոյության մասին, որը 10-րդ դարում հասել է զարգացման գագաթնակետին:

XVII - XVIII դարեր.  հաստոցային գեղանկարչության զարգացումը

XVII-XVIII դարերից սկսած՝ միջնադարյան գեղարվեստական ոճերն ու մոտեցումները աստիճանաբար իրենց տեղը զիջում են գեղարվեստական իրատեսական նոր արտահայտչամիջոցներին: Մանրանկարչությանը եւ որմնանկարչությանը զուգահեռ զարգանում են արվեստի նոր տեսակներ, հաստոցային գեղանկարչություն, դիմանկարչություն, թեմատիկ աշխատանքներ եւ իրատեսական բնանկարի ժանր: Տաճարներում հանդիպում են յուղանկար կտավներ, և ավելի հազվադեպ՝ մետաքսի կամ տախտակների վրա:

XVII-XVIII դարերի հայ կերպարվեստի պատմության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում Հովնաթանյանների դինաստիայից սերող նկարիչները: Նրանց ստեղծագործություններում, այդ թվում՝ Էջմիածնի եկեղեցու համար աշխատանքներում դրսեւորվում են ռեալիզմի առանձնահատկությունները: Էջմիածնի տաճարի առաջին նկարները, որոնցից պահպանվել են միայն երեք սյուժետային հատվածներ, պատկանում են այս ընտանիքի հիմնադիր Նաղաշ Հովնաթանյանին: 1680-ականներին նա Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցու համար ստեղծել է մի շարք սյուժետային նկարներ: Հովնաթանյանների՝ Ագուլիսի, Շորոտի, Ապրակունիսի եւ Աստապատի եկեղեցիներում պահպանված նկարները կարելի է դասել Նախիջեւանի դպրոցի առանձնահատուկ ուղղության աշխատանքների շարքը: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հարություն Հովնաթանյանի եւ Հովնաթան Հովնաթանյանի ստեղծագործությունները: Վերջինս ստեղծել է հայկական եկեղեցու գործիչների ուշագրավ դիմանկարներ: 1780-ականներին Հովնաթան Հովնաթանյանը իր աշակերտների հետ վերականգնել է Էջմիածնի տաճարի որմնանկարները:

Դիմանկարիչ Մինասը (Հակոբջան եւ Ոսկան Վելջանյանների դիմանկարների հեղինակ) ապրել եւ ստեղծագործել է Նոր Ջուղայում (Սպահան, Իրան): Նրա մոնումենտալ ստեղծագործություններից հայտնի են Սպահանի մի քանի հայկական եկեղեցիներում պահպանված որմնանկարները: Այս ժամանակաշրջանում է ապրել նաև արվեստագետ, գրող, փիլիսոփա-աստվածաբան Հովհաննես Մրքուզը, ով հիմնականում պատկերում էր աստվածաշնչյան տեսարաններ: XVIII դարում մի քանի հայ նկարիչներ ստեղծագործում էին Երուսաղեմի հայկական գաղութում: Հովհաննես Տիրացու 23 աշխատանքներ պահպանվել են Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում:

XVII դարի վերջին եւ XVIII դարի սկզբում նշանակալից է Մանաս ընտանիքի արվեստագետների գործունեությունը: Արվեստագետների այս դինաստիայի հիմնադիրներն էին Ռաֆայելը, Բարսեղը եւ Մինաս Մանասը, ովքեր հիմնականում աշխատում էր Կ. Պոլսում:

XVII-XVIII դդ. հայերեն գրատպության հետագա առաջխաղացմանը զուգահեռաբար զարգացում է ապրում նաև գրքի գծանկարչությունը: Գրիգոր Մարզվանեցու «Այսմավուրքի» (1706) մանրանկարները բարձր գեղարվեստական արժեք ունեն, որոնք կատարված են քսիլագրաֆիկ մեթոդներով: Մարզվանեցու գրեքերի պատկերազարդումները կատարված են ազգային ոճով: Վերջինս նաեւ ստեղծել է գունավոր քսիլոգրաֆիկ նկարազարդումներ: 18-րդ դարի կեսերից Հայաստանում զարգանում է նաև փորագրության արվեստը: