0
0

Գրականություն

Ցուցահանդեսը պատմում է հայերի մշակութային հարուստ ժառանգության մասին, որը պահպանվել և մեզ է հասել անտիկ ժամանակների տեքստերում: Հայ գրականությունը մոտ երկու հազար տարվա պատմություն ունի: Այստեղ կարող եք ծանոթանալ նրա պատմությանը և առավել աչքի ընկնող ներկայացուցիչներին:

Հայ հնագույն գրականություն

Հայ հնագույն գրականության պատմությունը ընդգրկում է ինչպես առասպելաբանության նմուշներ, այպես էլ քրիստոնեական կրոնական և գիտական շարադրանքներ:

 
hayknahapet.jpeg

Առասպելներ, լեգենդներ և հեքիաթներ

Հայ գրականության ակունքները սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհի բանահյուսության և առասպելաբանության ավանդույթներից, որոնք հետագայում սերտորեն առնչվում են Փոքր Ասիայի և Միջագետքի մշակույթների հետ: Կարելի է հստակ զուգահեռներ տանել հայ աստվածների և հնդիրանական, ասորական և բաբելոնական աստվածների պանթեոնների միջև:

«Սասնա Ծռեր» հերոսական էպոսը հայ բանահյուսական ժառանգության մարգարիտներից է: Այն պատմում է հայ զինվորների չորս սերունդների պատմությունը:

Առաջին մասը՝ «Սանասար և Բաղդասար»-ը, Ծովինարից ծնված երկվորյակների մասին է: «Մեծ Մհեր»-ը Սանասարի երեք որդիներից մեկի պատմությունն է, որը մահանում է որդու՝ Դավթի ծնվելուց հետո, ով հանդիսանում է էպոսի գլխավոր հերոսը և հայ ժողովրդի փրկիչը: 

Դավթի որդի Մհերը, համաձայն առասպելի տարբերակներից մեկի՝ փակվել է Վանա լճի ժայռերից մեկում մինչև աշխարհը չդառնա ավելի լավը: Դարեր շարունակ Սասնա ծռերի պատմությունը փոխանցվել է սերնդեսերունդ: Առաջին անգամ այն գրի է առել Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին: Ներկայումս կան էպոսի մոտ 50 գրանցված տարբերակներ Հայաստանի տարբեր մասերում: 1902 թվականին «Սասունցի Դավթի» գրական տարբերակը գրվեց Հովհաննես Թումանյանի կողմից, սակայն այն շոշափում է էպոսի՝ միայն Դավթի մասին պատմող հատվածը:

 

 
42096_b.jpg

Գրավոր խոսքի մշակույթ

Հայ գրավոր խոսքի ակունքները գտնվում են սեպագիր արձանագրություններում (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ), որոնք մեզ են փոխանցվել ուրարտական շրջանից: Հնագույն Հայաստանի բանավոր խոսքին բնորոշ է բազմալեզվությունը:

 

Օրինակ, մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքներում հելլենիստական մշակույթի ծաղկման շրջանում, բեմադրվում էին հունական կատակերգություններ: ժողովրդի շրջանում տարածված էին հայերենով գուսանական ներկայացումներ, դյուցազներգական լեգենդներից ասմունքներ երաժշտական գործիքների ուղեկցությամբ:

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակմանը զուգահեռ մի կողմից ներմուծվեցին նոր ավանդույթներ և ծեսեր, որոնք ընդգրկում էին նաև հեթանոսական սովորույթների տարրեր, մյուս կողմից գրեթե ամենուր ոչնչացվում էին նախաքրիստոնեական շրջանի մշակութային կոթողները:

 
 
1389947389-sv-apostol-i-evangelist-matfey--titul-evangeliya-ot-matfeya.jpg

V դարը հայ հնագույն գրականության «Ոսկեդար»

Վռամշապուհ արքայի կառավարման տարիներին վարդապետ Մեսրոպ Մաշտոցը և կաթողիկոս Սահակ Պարթևը սկսեցին աշխատել հայոց այբուբենի ստեղծման ուղղությամբ: 405 թ. Մաշտոցը ստեղծեց 36 տառից բաղկացած հայոց այբուբենը:

 

V դարը, որը հետագայում անվանվեց «Ոսկեդար», նշանավորվեց հունարենից Աստվածաշնչի թարգմանությամբ: Թարգմանվեցին Եփրեմ Ասորու, Գրիգոր Նազիանզացու, Հովհան Ոսկեբերանի աստվածաբանական աշխատությունները, Արիստոտելի, Պլատոնի և Պորփյուրի փիլիսոփայական աշխատությունները: V դարում ձևավորվեց փիլիսոփայության հայկական դպրոցը:

Մշակվում էին եկեղեցական գրականության ժանրերը՝ կանոններ, ուղերձներ, ճառեր: Ստեղծվում էին երգեերի յուրօրինակ տեսակներ՝ տաղեր, մեղեդիներ, շարականներ:

Պատմական առաջին աշխատությունը Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն է՝ գրված մոտավորապես 443-450 թթ. ընթացքում: Այն բովանդակությամբ ավելի մոտ է անտիկ կենսագրությունների ժանրին, քան կենցաղայինին: Հայ գեղարվեստական խոսքի զարգացման պատմության մեջ ուրույն դեր է խաղացել Ագաթանգեղոսը՝ քրիստոնեության ընդունմանը նվիրված իր «Հայոց պատմություն» աշխատությամբ:

Հայ գրականության վերելքը V դարում կապված է Մովսես Խորենացու անվան հետ՝ որպես «հայ պատմագրության, պոեզիայի և քերականագետների հայր»: Խորենացու «Հայոց պատմություն»-ը գրվել է իշխան Սահակ Բագրատունու կարգադրությամբ և հիմնված է սկզբնաղբյուրների վրա: Խորենացին լուսաբանում է Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև V դարի վերջը: Այդ աշխատության շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ էպիկական և ժողովրդական գրական ժառանգության բազմաթիվ գոհարներ՝ Հայկի և Բելի, Արամի, Արայի և Շամիրամի, Վահագնի մասին լեգենդները:

....

 
 
ыршкфлфеыш.jpg

V դարին հաջորդող շրջանը

V դարին հաջորդող շրջանը

VI դարում որոշակի անկումից հետո VII դարի վերջում և VIII դարի սկզբում գրականության զարգացումը, չնայած Արաբական խալիֆաթի տիրապետության ներքո եղած դժվարին պայմաններին, շարունակվում է բազմաթիվ ուղղություններով՝ Անանիա Շիրակացու, Հովհան Օձնեցու դոգմատիկ գրականություն, եկեղեցական երգեր, որոնք ներառված էին «Շարակնոց»-ում:

 

VII դարի տաղանդավոր պատմիչներն ու գրողները շարունակեցին V դարի ավանդույթները. Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Հովհան Մամիկոնյանի և Ղևոնդի աշխատությունները Բյուզանդիայի, Պարսկաստանի, Ալբանիայի և Վրաստանի պատմության վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների աղբյուրներ են:

Բնագիտության և փիլիսոփայության VII դարի ամենացայտուն ներկայացուցիչը Անանիա Շիրակացին է: Նա հսկայական ժառանգություն է թողել գիտության տարբեր ուղղություններում՝ մաթեմատիկա, տիեզերագիտություն, աշխարհագրություն: Նրա խնդրագիրքը, որը կոչվում է «Խնդիրներ և լուծումներ», մեզ հասած  հնագույն դասագիրքն է, որ պարունակում է բազմապատկման, գումարման և հանման աղյուսակներ: Նա հանդիսանում էր Պտղոմեոսի՝ երկրի կլոր լինելու մասին տեսության պաշտպաններից, նրա հայացքները մի շարք երևույթների նկատմամբ՝ սեփական լույսի բացակայություն լուսնի վրա, օրվա և գիշերվա ծագումը, խավարումների ֆենոմենը, առաջ էին իր ապրած ժամանակներից:

....

 
 
 

Հայ միջնադարյան  գրականություն

Սկսած XX-րդ դարից՝ հայ գրականությունը նոր վերելք է ապրում՝ Հայաստանում քաղաքական, տնտեսական և սոցիալական մի շարք փոփոխություններով և, նախևառաջ, Հայոց թագավորության վերականգնմամբ պայմանավորված: X-XIV դարերի միջև ընկած ժամանակահատվածը պատմաբաններն ու մշակութային փորձագետները անվանում են Հայկական վերածննդի շրջան:

 
 
Григор Нарекаци (рукопись 1173 года)

X-XII դարեր

X դարում արաբական լուծը թոթափելուց հետո մեկը մյուսի հետևից առաջացան հայկական անկախ թագավորություններ. Բագրատունիների, Արծրունիների, Ռուբինյանների, Սյունիքի թագավորությունները: Քաղաքների զարգացումը և հակաֆեոդալական շարժումները նախապայմաններ ստեղծեցին եկեղեցական թեմաներից դուրս արվեստի նոր ուղղությունների զարգացման համար:

 

Հայ միջնադարյան խոշորագույն պոետ, աստվածաբան և երաժիշտ Գրիգոր Նարեկացու (X դ.) ստեղծագործությունները ազգային  գրականության կարևորագույն գոհարներ են: Նրա «Մատյան ողբերգության» աշխատության՝ իր ժամանակների համար խիստ յուրահատուկ փիլիսոփայական և խորհրդավոր գեղարվեստական հնարքները օգտագործել են հայ բանաստեղծների հետագա սերունդները:

Կիլիկիայի բանաստեղծ և աստվածաբան, հռետոր, կոմպոզիտոր և կաթողիկոս Ներսես Շնորհալին (1101–1173) եկեղեցական երգերին հաղորդեց բանաստեղծական նոր որակ՝ հարստացնելով դրանք նոր պատկերներով և կերպարներով: Գեղարվեստական առանձնահատուկ արժեք է ներկայացնում նրա լիրիկա-էպիկական պոեմը՝ «Ողբ Եդեսիոն»: Շնորհալին նաև մեծ դեր է խաղացել բանաստեղծությունների հանգավորման զարգացման գործում. մինչև Շնորհալին կիրառության մեջ էին միահանգ բանաստեղծությունները, իսկ նա ներմուծեց հանգի բազմազանություն, ինչպես նաև անձնավորման հնարքը, որը հետագայում օգտագործում էին հայ բանաստեղծները:

Զարգանում էին նոր ժանրեր՝ առակներ, ներբողներ, պատվածքներ, զրույցներ, կենսագրությունների շարադրում: Երևելի առակագիր էր հայ հեղինակային առակի հիմնադիր Մխիթար Գոշը (1130-1213): Նա նաև Դատաստանագրքի հեղինակն է, որը վկայում է ժամանակի իրավական և բարոյական գիտակցման բարձր մակարդակի մասին: Գոշի Դատաստանագիրքը ընդհուպ մինչև 19-րդ դար կիրառվել է որոշ պետությունների կողմից:

Այլ հայտնի առակագիր է Վարդան Այգեկցին, ով իր ստեղծած բազմաթիվ առակները հավաքել է Աղվեսագրքում: Վերջինում հետագայում հավաքվել են նաև այլ ժողովրդական, ինչպես նաև այլ լեզուներից թարգմանված առակներ: Այգեկցու առակները, պատմությունները պարունակում են ժողովրդի հումորի և երգիծանքի ողջ զգացումը՝ միաժամանակ արտահայտելով ժամանակի սոցիալական հակասությունները:

 
 

Սկսած XIII դարից գրականության մեջ գրաբարը աստիճանաբար իր տեղը զիջում է խոսակցական լեզվին կամ միջին հայերենին:

 

Ֆրիկը (ծն. 1230/1240 – մահ. XIV սկիզբ.) դրեց սոցիալական մոտիվներով բանաստեղծության հիմքերը, որը բողոք էր արտահայտում անարդար աշխարհակարգի մասին: Նա թողել է ավելի քան հիսուն բանաստեղծություններ՝ գրված ողբի, ուսմունքների և բողոքի ոճով:

XIV դարի միջնադարյան պոեզիայի աչքի ընկնող ներկայացուցիչներ Հովհաննես Երզնկացին և Կոնստանդին Երզնկացին ավանդական կրոնական թեմաներին զուգահեռաբար զարգացնում էին նաև փիլիսոփայական և մեդիտատիվ քնարերգություն, նրանք ներմուծեցին զուտ սիրային մոտիվներով բանաստեղծություններ՝ ամրապնդելով մարդասիրական իդեալները: Տարածում ստացավ սիրային ժողովրդական բանաստեղծությունը՝ հայրենը:

Պոեզիայում զարգանում են նաև պանդխտության, հայրենիքի նկատմամբ կարոտի թեմաները: Ժողովրդական բանաստեղծության մեջ լայնորեն տարածվելով՝ այդ թեման ձևավորում էր հայրենասիրական հոգի , քաղաքացիական իդեալներ: Աշխարհիկ քնարերգության ներկայացուցիչը Նահապետ Քուչակն է (XVI դ.), ով կենարար շունչ հաղորդեց հայ միջնադարյան պոեզիային՝ գովերգելով կնոջը, երկրային կյանքի ուրախությունները, լակոնիկ կերպով արտահայտելով աշխարհի և մարդու հոգու գեղեցկությունը, որի արտահայտման բարձրագույն ձևը սերն է:

Պատմական արձակը XIII–XVI դդ. ներկայացնում էին Կիրակոս Գանձակեցին, Վարդան Պատմիչը, Սմբատ Գունդստաբլը, Ստեփանոս Օրբելյանը, Գրիգոր Ակնեցին, Թովմա Մեծոփեցին և այլք:

 
 
Сароян

Սփյուռքի գրողները

Անկախ այն բանից՝ հայկական սփյուռքի գրողները լքել են հայրենիքը, թե ծնվել այլ երկրում՝ նրանց գրական ժառանգությունը անքակտելիորեն կապված է հայրենիքի և հայ ժողովրդի ճակատագրի մասին մտքերին:

 

Հայ նոր գրականություն

Սկսած XVI-րդ դարից՝ հայ գրականությունը մեծապես զարգանում է պատմական Հայաստանի սահմաններից դուրս: Կրթության և տպագրության օջախներ հիմնվեցին Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Հռոմում, ամստերդամում, Մադրասում, Կալկաթայում և այլուր, որտեղ ձևավորվել էին հայկական խոշոր համայնքներ: 18-րդ դարում Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատված Մխիթարյանների միաբանությունը վիթխարի դեր կատարեց հայկական մշակույթի, գրականության, տպագրության, կրթության և գիտության պահպանման և զարգացման  գործում:

 
 

XVII–XVIII դարեր


17-րդ դարում հայ պատմագրությունը վերածնունդ է ապրում: Նշանակալից պատմական աշխատություններ են ստեղծվում: Հիշատակության առավել արժանի է Մարտիրոս Ղրիմեցու ,Հայ արքաների գահակալման կարգն ու ժամանակագրությունըե պատմական աշխատությունը: XVII-րդ դարում պատմական ժամանակագրության նոր և առանձին տեսակ ստեղծվեց ճանապարհային նշումների տեսքով:


XVII-XVIII-րդ դարերի ձեռագիր արձանագրություններում պահպանվել են թատերական որոշ աշխատանքներ, որոնցից ամենահինը Լվովի հայկական կաթոլիկ դպրոցում 1668թ. բեմադրված «Սուրբ Հռիփսիմեի մահը» առաջին հայկական թատերախաղն է:

Միջնադարյան քնարերգության և նոր ուղղությունների զարգացման գագաթնակետը բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործություններն են, ով ստեղծել է սիրային քնարերգության եզակի նմուշներ (ստեղծագործել է նաև վրացերեն և թյուրքերեն): Իր բանաստեղծություններում նա արտահայտել է անձնուրաց սիրո տառապանքները, գունեղ և վառ արտահայտչամիջոցներով ստեղծել է սիրած էակի կերպարը: Մարդասիրությունը, անհատի ազատության համար հոգու մղած պայքարը, լճացած շրջապատին հակադրվելը, արևելյան բանաստեղծության գեղեցկությունը և ներթափանցումը մարդու ներաշխարհ հիմք են տալիս Սայաթ-Նովայի պոեզիան համարել եզակի երևույթ  ուշ միջնադարյան հայ պոեզիայի համար, իսկ իրեն՝ հեղինակին, համարել հայկական և վրացական պոեզիայում ռոմանտիզմի հիմնադիրը:

 

XIX դար


XVIII-րդ դարի երկրորդ կեսի և XIX-րդ դարասկզբի գրականության մեջ գերակա ուղղություն էր կլասիցիզմը: Նրա ներկայացուցիչները գրում էին ընթերցողների լայն շրջանակների համար անհասանելի հին հայերենով՝ գրաբարով:


Գրականությունը ժողովրդին հասկանալի լեզվով ներկայացնում էր աշուղական պոեզիան: 1820-ականներին՝ հայոց գրականության համար այսպես կոչված անցումային փուլում, գրողների ստեղծագործություններում սկսեց ձևավորվել նոր գրական հայերենը՝ աշխարհաբարը:

Ռոմանտիզմի ամրապնդումը և հայ նոր շրջանի գրականության սկզբնավորումը կապված են հայ լուսավորիչ, ազատական գաղափարների կրող Խաչատուր Աբովյանի անվան հետ: Նա թողել է գրական հարուստ ժառանգություն, տարբեր ժանրերում գրված ստեղծագործություններ, որոնք գրում էր աշխարհաբարով: Աբովյանի գլխավոր աշխատությունը «Վերք Հայաստանի» պատմավեպն է՝ նվիրված 1826-28 թթ.՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու ժամանակաշրջանին:

Հայ նոր ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիրը դարձավ Գաբրիել Սունդուկյանը, ում «Խաթաբալա» և «Պեպո» պիեսներում աշխատավոր մարդու հոգու մաքրությունն ու բարոյականությունը հակադրվում են բուրժուազիայի ներկայացուցիչների ագահությանն ու անսկզբունքայնությանը:

1870-80-ականների ազգային-ազատագրական շարժման գաղափարների արտահայտողները դարձան Ծերենցը և Րաֆֆին, ովքեր ստեղծագործում էին պատմավեպերի ժանրում: Րաֆֆին բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, մոնումենտալ-էպիկական վեպերի մեծ վարպետ. նրա վեպերից են՝ «Դավիթ Բեկ»-ը, «Պարույր Հայկազն»-ը և ազգային պատմական վեպի գլուխգործոց «Սամվել»-ը: 

1880-1890-ականներին որպես առաջատար ուղղություն զարգանում է քննադատական ռեալիզմը: Հանդես է գալիս այդ ժանրում ստեղծագործող արձակագիրների մի ողջ աստղաբույլ՝ Նար-Դոսը, Մուրացանը, վիպասաց և դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն և այլք:

XIX-րդ դարի հայ գրականության ավանդույթների և դասական պոեզիայի համակցություն է դառնում Հովհաննես Թումանյանի՝ «Ամենայն հայոց բանաստեղծի» ստեղծագործությունը: Նա միավորում էր ժողովրդական բառաստեղծումը գրքայինի հետ՝ պոեզիային և  գրական լեզվին հաղորդելով նոր որակ:

....

 

XX դարի գրականություն

XX-րդ դարասկզբի հայ գրականությունը առանձնահատուկ է միաժամանակ մի քանի ուղղությունների գոյությամբ՝ ռեալիզմ, ռոմանտիզմ, սիմվոլիզմ, ավանգարդ, պոեզիայի վերելք: Հետպատերազմյան տարիները աչքի ընկան պատմական վեպի ժանրում գրված աշխատություններով:  Պոեզիան դառնում է առաջատար ժանր, իսկ արձակը ձեռք է բերում ժանրային նոր առանձնահատկություններ՝ քնարերգական մարնապատումներ, հոգեբանական պատմություններ և այլն:

 
 

XX դարի առաջին կես

XX-րդ դարի գրականության մեջ ամենանշանակալից երևույթը Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ ստեղծված «Վերնատուն» գրական ակումբի գործունեությունն էր:

«Վերնատան» մասնակիցները իրենց համարում էին մեծ գիտնական-լեզվաբան, հայկական մանկավարժական համակարգի բարեփոխիչ և նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի հետնորդները: «Վերնատունը» հիմնադրվել է 1899 թվականին Թիֆլիսում: Հենց այդ գրական ակումբը թելադրեց այն վեկտորը, որով զարգացավ 20-րդ դարի հայ գրականությունը: 1916թ. Վալերի Բրյուսովի ջանքերի շնորհիվ Մոսկվյաում լույս տեսավ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիրքը: Ժողովածուում  ներկայացված էին հայ գրականության հիմնական ստեղծագործությունների թարգմանությունները:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայ գրականության համար դժվարին ժամանակներ սկսվեցին: Հասարակության մեծ մասը, այդ թվում հայկական, տարված էր մարքսիզմի գաղափարներով, որը ուժեղագույնս արտացոլվեց նաև գրական ուղղությունների վրա, քանզի վտանգավոր էր նախորդ սերունդների գրական ժառանգության պահպանման տեսանկյունից:

Պրոլետարական պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչը Եղիշե Չարենցն էր: 1920 թվականին՝ Հայաստանի խորհրդայնացման տարում, նա հռչակեց իր «Երեքի դեկլարացիան»՝ դեկլարացիա ընդդեմ բուրժուա գրականության: Այս առումով Չարենցի քննադատությանը ենթարկվեց անգամ Հովհաննես Թումանյանը: Չարենցի ստեղծագործությունները համարվում են համաշխարհային գրականության գոհարներ: Ամենից նշանավորը «Գանգրահեր տղան» բանաստեղծությունն է, որում բանաստեղծը նկարագրում է Հայաստանի հրաշալի ապագան: Տղայի կերպարը դարձավ նոր Հայաստանի խորհրդանիշ:

Մեծ տպաքանակով հրատարակվում էր պրոլետարական գրականությունը՝ գովաբանելով Լենինին, Ստալինին և կոմունիստական գաղափարները: 1930-ական թթ. սկսվեցին հայ գրականության համար դժվարագույն ժամանակները: Արգելվեցին Րաֆֆու, Շանթի և ազգային-ազատագրական գաղափարների հետ կապված բոլոր գրողների ստեղծագործությունները:

1930-ականների վերջին առավել արդիական դարձան հերոսական պայքարի, ավտորիտար իշխանության, դավաճանության և նվիրվածության վերաբերյալ թեմաները: Հին ժամանակների խիզախ զինվորների, զորավար-արքաների կերպարները ամենապահանջվածը դարձան արվեստում: Այսպես, 1940-ականներին Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի էկրանավորումը հեքիաթային պատմությունից  վերածվում է պետական ինտրիգների մասին արձակ վեպի: 1951 թվականին լույս է տեսնում Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»-ը: Դեմիրճյանը իր վեպի սյուժեի հիմքում դրել է դեռևս Խաչատուր Աբովյանի կողմից «Վերք Հայաստանի»-ում գովաբանված իշխան Վարդան Մամիկոնյանի պայքարը պարսից տիրապետության դեմ:

....

 

Հայրենական մեծ պատերազմի շրջանի և հետպատերազմյան գրականություն

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարածված և պահանջված էին Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, պատմաբան Հովսեփ Օրբելու հրապարակոախոսությունը, առաջագծի գրող Հրաչյա Քոչարի ակնարկները, այլ գրողների հերոսական բալլադները, հայրենասիրական բանաստեղծությունները և պատմավեպերը:

Հետպատերազմյան տարիները նշանավորվեցին պատմավեպի, փիլիսոփայական բանաստեղծության ժանրերում ստեղծագործությունների առատությամբ, սոցիալ-կենցաղային, արկածային գրականության ժանրերի մշակմամբ: 1950-60-ականներին առաջատար ժանր է դառնում պոեզիան, մասնավորապես՝ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները:

Պարույր Սևակի «Ալռելի զանգակատունը» (1959) Հայոց ցեղասպանության մասին լիրիկա-էպիկական ստեղծագործություն է, որը նշանակալից երևույթ է այս ժամանակաշրջանի համար:

1970-ականների պատմվածքը ենթարկվում է ժանրային նոր մշակումների, ի հայտ են գալիս քնարերգական մանրապատումներ, հոգեբանական պատմության ժանրը: 1990-ականների գրականությանը բնորոշ են աշխարհի յուրահատուկ ընկալումը, արտահայտչականության ոչ ավանդական միջոցների որոնումը, իրականության փաստագրական արտացոլումը, ժամանակակից մարդու ներաշխարհին, նրա պահվածքի սքողված շարժառիթներին ուղղված ուշադրությունը, բացահայտումը: Շատ հեղինակներ բավականին կատեգորիկ են դասական ավանդույթներից խուսափելու և մարդուն և աշխարհը պատկերելու նոր միջոցների կիրառման հարցում:

 
Clj0aWIXIAAz_vG.jpg

Ժամանակակից գրականություն....

Հայ ժամանակակից գրականությունը ստեղծվել է արտասովոր պայմաններում. մի կողմից այն իր վրա կրել է անցյալի գրական ժառանգության ազդեցությունը, մյուս կողմից՝ նոր իրականության, նորագույն տեխնոլոգիաների:

20-րդ դարի վերջում Հայաստանը բախվեց այնպիսի իրադարձությունների հետմ ինչպիսիք էին երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզման հետևանքներ, պատերազմ, հայտնվեց շրջափակման մեջ, ինչը երկրի բնակչության կյանքը բերեց այնպիսի իրադրության, որպիսին կստեղծվեր տեխնոգեն աղետի պարագայում: Դա մեծապես ազդեց նաև գրականության վրա: Մի ամբողջ քաղաքակրթական աշխարհի փլուզումը արտահայտվեց ինչպես անկեղծ, երբեմն դաժան ռեալիստական գործերի, այնպես էլ միստիկ և կախարդական ատրիբուտներ պարունակող ստեղծագործությունների սյուժետներում: Տաբուի վերածված զգացմունքներ, կյանքի անախորժությունների պատկերում, բնական տեսարաններ՝ այն բոլորթեմաները, որ չէին խրախուսվում ողջ 20-րդ դարի ընթացքում, դարավերջին սկսեց հանձնվել թղթին: Անապահով մարդու, հոգով վիրավոր անհատի թեմաները հասարակության կողմից այժմ ավելին քան երբևիցե պատմության ընթացքում պահանջված դարձան:

Դա տեղի ունեցավ գրականության մեջ տարիներ շարունակ խորհրդային չափանիշների տիրապետությունից հետո, որոնք հերքում էին կենդանի մարդկային զգացմունքները և գովերգում հերոսությունը, ձգտումների վեհությունը: Եթե 20-րդ դարի գրականությունը ընթերցողին մատնացույց էր անում այն ուղղությունը, որով նա պետք է շարժվի՝ մի կողմ թողնելով բոլոր անձնական հույզերը, ապա նոր գրականությունը արձագանքեց ընթերցողի՝ իրեն տանջող երևույթների մասին պատմելու պահանջին:

Ցեղասպանությունից հետո հայերը սփռվեցին աշխարհով մեկ: Մոտ սփյուռքի երկրներն են Իրանը, Սիրիան, Վրաստանը, Ռուսաստանը, եվրոպական երկրները՝ գլխավորապես Հունաստանը, Ֆրանսիան, Իտալիան, իսկ ավելի հեռու՝ ԱՄՆ, Արգենտինա և ուրիշներ: Ամենուր կային յաթաղանից փրկված  հայեր: Նրանց մեջ շատ էին որբերը, ովքեր ապաստան և դաստիարակություն էին ստանում բարեգործական ապաստարաններում: Հայտնվելով իրենց հայրենի հողից հեռու՝ հայերը բոլոր հասանելի միջոցներով փորձում էին պահպանել մշակույթը և լեզուն՝ առաջին հերթին պահպանելով լեզուն և երեխաներին սովորեցնելով Մեսրոպ Մաշտոցի այբուբենը՝ նախ ընտանիքներում, ապա, երբ սփյուռքն առավել ազդեցիկ դարձավ, նաև նորաստեղծ կիրակնօրյա դպրոցներում:

Սփյուռքի երկրորդ սերնդի ներկայացուցիչները դարձան երկու մշակույթների կրողներ. նրանք և՛ ընդունում էին ընդունող երկրի մշակույթը, և՛ հնարավորինս չէին կտրվում սեփական արմատներից: