0
0

Լուսանկարչություն

Պատկերը նկարահանելու առաջին փորձերը արվել են դեռևս 19-րդ դարի առաջին կեսին: Այստեղ կարող եք տեսնել ֆրանսիացի Յոզեֆ Նիփսի և Լուի Դագերի, բրիտանացի Վիլլիամ Տալբոտի և Ռիչարդ Մադոքսի աշխատանքները: Հայ լուսանկարի պատմությունը հաշվվում է՝ սկսած Օսմանյան կայսրությունում հայ լուսանկարչական ստուդիաների ստեղծումից:

 

Հայ լուսանկարչությունը Օսմանյան կայսրությունում: XIX դարի երկրորդ կես

Հայ լուսանկարիչները հիմնականում նկարում էին կյանքը XIX դարի Օսմանյան կայսրությունում՝ մասնավորապես Կոստանդնուպոլսում:

Լուսանկարները մեզ ծանոթացնում են կայսրության հայկական համայնքի հետ: Դրանցում կարող ենք տեսնել ինչպես հոգևորական գործիչների, այնպես էլ ազգային տարազ կրող սովորական ընտանիքների:

Ի սկզբանե, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ՝ լուսանկարիչներ էին դառնում քիմիկոները, ոսկերիչները, դեղագործները, ովքեր տիրապետում էին այնպիսի հնարքների, առանց որոնց նկարների ստացումը անհնարին կլիներ:

Կոստանդնուպոլսի ֆոտոստուդիաները պատկանում էին հիմնականում հայերին: Նրանց մեջ առավել հաջողակ էր Պասկալ Սեբան՝ «Կոստանդնուպոլսի լուսանկարիչը»: 1857 թվականին քաղաքի կենտրոնում նա հիմնեց իր առաջին ֆոտոստուդիան ՝ «El chark», որի համբավը տարածվեց ողջ Մերձավոր Արևելքում: Նրա հաջողությունը այնքան մեծ էր, որ Սեբան բացեց երկրորդ ստուդիան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Իր լուսանկարներում Սեբան պատկերում էր հնագույն քաղաքներ, ավերակներ, դիմանկարներ, տեղի բնակիչներին:

«Abdullah Frères»-ը («Աբդուլլահ եղբայրներ») ևս մեկ հայկական ֆոտոստուդիա էր՝ հայտնի Օսմանյան կայսրության ողջ տարաքծում: Հիմնված լինելով 1858թ. երեք եղբայրների կողմից՝ այն շուտով ձեռք է բերում այնպիսի համբավ, որ եղբայրները նշանակվում են սուլթանի լուսանկարիչներ: 1867 թվականին նրանք ձեռք բերեցին միջազգային համբավ: Փարիզում կայացած միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեց նրանց՝ Կոստանդնուպոլսի համայնապատկերային լուսանկարը:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Անտուան խան Սևրյուգինի (Անտոն Վասիլյևիչ Սևրյուգին կամ Սևրյուկյան) աշխատանքները: Նա միակ լուսանկարիչն էր, ում պարսից շահ Նասեր ալ Դինը (Նասրեդդին շահ) թույլ էր տվել լուսանկարել իր հարեմի կանանց: Խանի տիտղոսը նրան շնորհվել է հենց պարսից շահի կողմից իր վարպետության բարձր մակարդակի համար: Սևրյուգինը Թեհրանի ամենահայտնի ֆոտոստուդիաներից մեկի սեփականատերն էր, և նա համարվում է իրանական լուսանկարչության հիմնադիրը:

 

Հայ լուսանկարչությունը XIX դարի վերջին և XX դարասկզբին

....

XIX դարի վերջին և XX դարասկզբին մի քանի արշավախմբեր կազմակերպվեցին հայոց հնագույն մայրաքաղաքներ Վան և Անի Կայսերական հնագիտական հանձնաժողովի կողմից:

Բացի պատմաբաններից և հնագետներից արշավախմբի կազմի մեջ մտնում էին նաև լուսանկարիչներ Հովհաննես Քյուրքչյանը, Արամը, Արա Վրույրը: Հնաբանական պեղումների անցկացման ընթացքում, որը ղեկավարում էր Քյուրքչյանը, բազում լուսանկարներ են արվել: Նա առաջին հայ լուսանկարիչն էր, ով լուսանկարել է Անին:

Թիֆլիսահայ լուսանկարիչ Գրիգոր Տեր-Ղևոնդյանի վարպետության շնորհիվ  այսօր մենք կարող ենք տեսնել այնպիսի հայտնի հայերի դիմանկարներ, ինչչպիսիք են Րաֆֆին, Նալբանդյանը, Սունդուկյանը, Գրիգոր Արծրունին, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, գեներալներ Լազարևը, Տեր-Ղուկասովը, Լորիս-Մելիքովը:

XX դարի թերևս ամենահայտնի հայ լուսանկարիչը, ում անունը հայտնի է աշխարհով մեկ, Յուսուֆ Քարշն է (Հովսեփ Քարշյան): Նա պատմություն է մուտք գործել այնպիսի հայտնի մարդկանց դիմանկարներ լուսանկարելու համար, ինչպիսիք են չերչիլը, Էյզենհաուերը, Ադենաուերը, Հեմինգուեյը, Էյնշտեյնը, Սիբելիուսը, ջորջ Բրակը, Կորբյուզյեն, Յունգը, Ստրավինսկին, Բեռնարդ Շոուն, Ուոլթ Դիսնեյը:

 

XX դարի երկրորդ կեսի հայ լուսանկարչությունը

XX դարի երկրորդ կեսի լուսանկարչության պատմության մեջ ամենահայտնին Ալեքսանդր Սահակովի անունն է:

 

XX դարի երկրորդ կեսի լուսանկարչության պատմության մեջ ամենահայտնին Ալեքսանդր Սահակովի անունն է: Նա միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների մրցանակակիր է, աշխարհի զանազան երկրերում անցկարել է ավելի քան 120 ցուցահանդեսներ: Լուսանկարել է Սվյատոսլավ Ռիխտերին, Արամ Խաչատրյանին, Բելլա Ախմադուլինային, Սերգեյ Փարաջանովին, Բի Բի Քինգին, Ժակ Վիլարին, Մայա Պլիսեցկայային, Վլադիմիր Վիսոցկուն, Ալլա Պուգաչևային:

Անգլիական լուսանկարիչ Իդա Քարը (Իդա Քարամյան) պրոֆեսիոնալ լուսանկարչություն սովորել է Կահիրեում: Նրա կողմից լուսանկարված հայտնի անհատների շարքում են Սոմերսեթ Մոեմը, Լեոնիդ Լեոնովը, Դմիտրի Շոստակովիչը, Մարկ Շագալը, Մարտիրոս Սարյանը, Այրիս Մերդոկը, Ժան-Պոլ Սարտրը, Ֆիդել Կաստրոն: 1950-ականների վերջին այցելելով Հայաստանը՝ Իդա Քարը լուսանկարների շարք է ստեղծում, որոնք ավելի ուշ ներկայացվեցին Արևելյան Գերմանիայում անցկացված ցուցահանդեսի շրջանակներում:

Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ֆոտոստուդիան գտնվում էր եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում: Հայաստան տեղափոխվելուց հետո նա շարունակում է իր գործունեությունը: Քոչարի լուսանկարները ներառում են Ուիլյամ Սարոյանի, Մարտիրոս Սարյանի, Գուրգեն Մահարու, Ռուբեն Մամուլյանի և ադմիրալ Իվան Իսակովի դիմանկարները:

Արա Գյուլերը նույնպես աշխարհահռչակ լուսանկարիչների շարքում է: Ծնվել է Ստամբուլում 1928 թվականին: Հայկական արմատներ ունեցող թուրքական ֆոտոլրագրողին անվանում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» (ինչպես Պասկալ Սեբին՝ «Կոստանդնուպոլսի լուսանկարիչ»): Գյուլերը իր լուսանկարներում պատկերել է Ստամբուլի կյանքը, ինչպես նաև Ուինսթոն Չերչիլին, Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Դասթին Հոֆմանին:

 
065390e9c9f5c5df5cf26c95e484cddb.jpg

Ժամանակակից լուսանկարիչներ

1980-ականներից մինչև մեր օրերը Հայաստանը բախվել է բազմաթիվ մարտահրավերների հետ, և լուսանկարիչներին հաջողվել է արտահայտել սոցիալական և անձնական հույզերը լուսանկարների միջոցով:

Ժամանակակից հայ լուսանկարիչները ֆիքսում են իրական կյանքի պայմանները, այն փոփոխությունները ու դժվարությունները, որոնց հետ մարդիկ բախվում են, ինչպես նաև փնտրում են մինչսովետական անցյալի բարոյական հիմքեր: Հաճախ դրանք առօրյա կյանքի, կրոնական և ավանդական թեմաներով տեսարաններ են (Հայկ Ավետիսյան, Վարդան Թերզյան, Սկաուտ Թուֆանկջյան):

Զարգանում է ռեպորտաժային լուսանկարի ժանրը: 2000 թվականին Գերման Ավագյանը ամերիկա-հայկական «Համայնապատկեր» ամսագրի կողմից (Լոս Անջելես, ԱՄՆ) ճանաչվեց «Տարվա լավագույն լուսանկարիչ», իսկ 2005 թվականին մրցանակի արժանացավ Երևանի մամլո ակումբի կողմից «Մահաբեր խաղալիքներ» ֆոտոշարքի համար:

Ցավոք սրտի, պահպանվում է ռազմական խրոնիկայի ժանրը: Արեգ Բալայանը, Անտուան Ագուջյանը, Մաքս Արշակ Սիվասլյանը ֆոտոզեկույցներ են ներկայացնում ԼՂՀ հակամարտության գոտու շրջաններից: Եթե առաջին լուսանկարիչը ուշադրությունը սևեռում է ռազմական ագրեսիան արտահայտելու վրա, ապա երկրորդը՝ չճանաչված հանրապետության կյանքի սոցիալ-կենցաղային առանձնահատկությունների: Հակոբ Վանեսյանը ֆոտոռեպորտաժներ է պատրաստում Սիրիայի թեժ կետերից:

Պահպանվում է բնության լուսանկարահանման ժանրը: Առավել աչքի ընկնող են Հայկ Մելքոնյանի և Վիգեն Հախվերդյանի աշխատանքները:

Կան նար սյուրռեալիզմի վարպետներ, ովքեր իրենց օբյեկտիվի միջոցով ստեղծում են սեփական երփներանգ աշխարհը: Այստեղ կարևոր է մատնանշել Սանկտ Պետերբուրգի հայ լուսանկարիչներ Ալեքսանդր Պետրոսյանի և Կարեն Խաչատուրովի անունները: